fon
logo
  

Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամիոցի հարավարևմտյան կողմում Ք.ա. 1-ին հազարամյակում։ Ամրոցը` որի ավերակները նշմարվում էին Ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գետը։ Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը։ Գյուղի տարածքից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար։ Ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ արքայի օրոք (Ք.ա. 189-160թթ) այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել։

Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է գավառապետի նստավայրը։ Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը։ Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին։ Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով հաստատվել է Սևանա կղզում և նշանակվել վանահայր։

Գյուղը մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, անուն որը եղել գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը։ 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից։ 19-րդ դարի սկզբների Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են։

Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից 1830թ. հունիսին։ 1850թ. գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ. պետական երկդասյա դպրոց։

Սարուխանցիները աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ որոնցից 440-ը չեն վերադարձել։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ։

Համայնքը ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է։ Բյուջետային ոլորտում ամեն տարի արձանագրվում են հաջողություններ։ Բյուջեի կատարողական մասը հասնում և գերազանցում է 100 տոկոսը։ Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնա աշխատանքով։ Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը, աշխատատեղեր չլինելու պատճառով բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից։

Կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է, հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում։ Փողոցները լուսավորված են։ Կանոնավոր կերպով կատարվում է աղբահեռացումը։ Հիմնական խնդիրներից մեկը Մեծ Սպիտակասարից մինչև Սարուխան խմելու ինքնահոս ջրագծի կառուցումն է։

Գյուղն ունի երեք միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, երկու մանկապարտեզ։ Վերանորոգվել են Մշակույթի տունը և Բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը։

Վերանորոգվել են 1893թ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին և 8-9դդ. Թուխ Մանուկ մատուռը։ Ընթացքի մեջ են ս. Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները։ Սարուխանը տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ։

 Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, հս. լ.40օ17՛ 21՛՛, ավ. ե.  45օ08՛03՛՛,  Գավառագետի Գռիձոր և Կուկուձոր վտակների միջև։ Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավ-արևելքից` Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից`Կարմիրգյուղ, իսկ արևմուտքից` Գեղամա լեռներին։

Վարչական տարածքը 6652,03 հա է, որի մեծ մասը ալպյան արոտներ են։ Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք։ Կլիման չափավոր ցամաքային է, օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր 35-50%։ Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -32օC, իսկ բացարձակ առավելագույնը` 33օC, հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-200 օր։ Տարեկան տեղումների քանակը 400-500մմ։ Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը` հարավ-արևմտյան։ Գյուղի կենտրոնական մասի ամենացածր կետում են գտնվում աղբյուրները`վայրկյանում 800-1000լ ելքով։ Այստեղից խմելու ջուրը պոմպերով մղվում է գյուղի թաղամասեր և հարևան Կարմիրգյուղ։  Սարուխանի տարածքում կան շինանյութի` բազալտ քարի, ավազի, կավի և այլ հանքավայրեր։ Գռիձորում կան հանքային բուժիչ ջրեր, որոնք չեն օգտագործվում։