fon
logo
  

Համայնքը հիմնադրվել է 2-1-ին հազարամյակներում, վերաբնակեցվել է 1829թ.: Համայնքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոնից 5 կմ հեռավորության վրա Սևան-Մարտունի-Գետափ M-10 ավտոմայրուղու ձախ կողմում, ընդգրկված է լեռնային գոտում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, Գավառագետի ստորին հոսանքի աջ ափին, ծովի մակարդակից 1920-1940 մ բարձրության վրա, հեռավորությունը Երևանից 100կմ: Համայնքը ունի երեք հանրակրթական դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի դպրոց, բուժամբուլատորիա, շուրջ 70 տարբեր նշանակության հասարակական սպասարկման և առեվտրի ձեռնարկություններ: Բնակավայրի վարչական տարածքում գտնվում են մշակութային ժառանգության 681 օբյեկտներ որոնցից 658-ը հանրապետական նշանակության հուշարձաններ են, իսկ 23-ին տեղական : Աշխարհին հայտնի է իր հնադարյան խաչքարերով: Համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփականությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրու-թյուններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս իշխանական տներից մեկի` Ազարյաններից Մելիք Բարիքը իր նստավայրը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխում է Նորատուս։

Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին, և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։

Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։

Սբ Աստվածածին կիսավեր եկեղեցի - Գտնվում է գյուղի կենտրոնում, կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի Սահակ իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով. բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրությունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Սբ Գրիգոր կամ Դոփուց վանք - Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանա-գրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։

Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանաքարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքարերից մեկը թվագրված է 1553 թվականով։

Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։

Մատուռ - Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։

Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։

Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։

Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։